30 հունիսի 2022 - 13:34 AMT
Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ երկխոսության մասին․ Մինչև հիմա առանձնապես մեծ առաջընթաց չկա

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել։

«Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - ասել է Ռուբինյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, քննարկումներում այդպիսի հարց չկա։

Պատգամավորի խոսքով՝ մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում Ադրբեջանի հետ։

«Նման գործընթացներում ամենակարևոր գործընթացը քաղաքական կամքն է, եթե այն կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» - ասել է Ռուբինյանը։

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ նա ընդգծել է, թե դրանք ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։

«Թերևս նույնիսկ հակառակը՝ խանգարում են»,-հավելել է նա։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից դեսպան Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։

Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ Վիեննայում։ Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։