30 հունիսի 2022 - 13:35 AMT
Փաշինյան․ Նախատեսվում է հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75,000 դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով առաջիկա ծրագրերին, հայտարարել է, որ նախատեսվում է 2023թ․ հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակները։

Նա նշել է, որ նվազագույն աշխատավարձը ներկայիս 68,000 դրամից նախատեսվում է դարձնել 75,000 դրամ։ Ինչ վերաբերում է կենսաթոշակներին, ապա դրանք հունվարի 1-ից ևս կբարձրանան, իսկ բարձրացման բանաձևերի մասին կհայտարարվի առաջիկայում։

Վարչապետը նշել է, որ հարկային եկամուտների պլանը գերակատարվել է 47 մլրդ դրամով, ինչն էլ թույլ է տալիս հաջորդ տարվա համար որոշակի սոցիալական ծրագրեր մշակել։

Ըստ վարչապետի, հունվարի 1-ից նախատեսվում է նաև ավելացնել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստը` ներկայիս 28,600-ի փոխարեն դարձնելով 30,600 դրամ։

Փաշինյանը հավելել է, որ երեխայի խնամքի նպաստ պետք է ստանան բոլոր մայրերը, անկախ բնակության վայրից, աշխատել-չաշխատելու հանգամանքից։