30 հունիսի 2022 - 14:22 AMT
Զոհված զինվորների հարազատները դատախազության դիմաց են․ Պահանջում են Փաշինյանին կանչել հարցաքննության

Զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում դատախազության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ Քննչական կոմիտեում 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված քրգործը փոխանցել ԱԱԾ-ին։

Ծնողները պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299-րդ հոդվածով, և որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության, գրում է «Փաստինֆոն»։

Զոհվածների հարազատները հանդիպում են պահանջել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Դատախազության ներկայացուցիչն էլ ասել է, որ ծնողներից երկու հոգի կարող են բարձրանալ Դավթյանի մոտ, սակայն ծնողները հրաժարվել են։ Դրանից հետո նրանց առաջարկել են 10 հոգով բարձրանալ, սակայն՝ առանց լրագրողների ներկայության և հեռախոսների։

Ծնողները համաձայություն են տվել և ընդգծել, որ միայն Դավթյանի հետ են պատրաստ հանդիպել։

Լրագրողների հետ զրույցում զոհված կամավոր Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը հայտարարել է՝ պահանջում են, որ Փաշինյանը նստի մեղադրյալի աթոռին։

«Մենք Քննչական կոմիտեին չենք վստահում և ուզում ենք, որ գործը տեղափոխվի ԱԱԾ: Թող ԱԱԾ-ն իր ամբողջ ներուժը ներդնիի ու քննի գործը: Մի՞թե կարելի այսքան ցավ ունեցող մարդուն անընդհատ տանել ու բերել, եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ես հաստատ դուրս չէի գա, գոնե կգիտակցեի, որ իմ որդին իր կյանքը զոհել է իր հայրենիքի համար»,- նշել է նա:

Հունիսի 16-ին զոհվածների ծնողները դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը տեղափոխվի ԱԱԾ։ Ավելի վաղ դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։