30 հունիսի 2022 - 17:24 AMT
Կվերականգնվի և կդյուրացվի ՀՀ սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը

ՀՀ սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների մուտքի վիզա ստանալու հնարավորությունը կվերականգնվի և կդյուրացվի: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։

Խոսքը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի, Թունիսի, Ալժիրի և Վիետնամի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ստացումը դյուրացնելու մասին է՝ այդ երկրները կհանվեն միայն հրավերի հիման վրա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից։

Covid-19 համավարակով պայմանավորված օտարերկրացիների մուտքը ՀՀ որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ Համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել այն պետությունները, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում, էլեկտրոնային E-VISA համակարգի միջոցով կամ ՀՀ պետական սահմանին։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։

Նախատեսվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորությունը՝ 21 երկրների քաղաքացիների համար։ Նշված երկրները ընտրվել են փոխադարձության սկզբունքի, միգրացիոն ռիսկերի և ուղևորահոսքերի համադրված գնահատման արդյունքում։

51 երկրի քաղաքացիների համար կսահմանվի ՀՀ պետական սահմանին մուտքի վիզա ստանալու հնարավորություն, եթե նրանք ունեն մի շարք զարգացած պետությունների, այդ թվում՝ ԵՄ և Շենգենյան համաձայնագրի, Ծոցի երկրների կացության քարտ կամ վավեր վիզա։ Այս չափանիշն ընդհանուր առմամբ ներառում է 45 երկրներ։

Կհստակեցվի ընտանիքի անդամ համարվող անձանց շրջանակը, պահանջվող փաստաթղթերի ցանկը: Կսահմանվի նաև ՀՀ մուտքի վիզա ստանալու համար այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն: ‌