30 հունիսի 2022 - 18:12 AMT
ԱՀ նախագահ․ Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք բանակցել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Ազգային ժողովում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք բանակցությունները, մեր պայքարը»։

«Աղավնո բնակավայրի հարցը դեռ չի քննարկվում, մենք բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ, հենց կետում (նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետում – խմբ․) գրված է, որ մենք պարտավոր ենք Բերձորից դուրս գալ, իսկ Աղավնո բնակավայրի հետ կապված մենք անելիքներ ունենք։ Այդ ուղղությամբ մենք բանակցությունները շարունակում ենք տանել»,- ասել է Արայիկ Հարությունյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։

Արցախի նախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։

«Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել է նա։

Հարությունյանի խոսքով՝ նոր երթուղու շինարարական աշխատանքներից հետո արցախյան կողմը հնարավորություն է ունենալու «իր կարծիքն ասել»։

«Առաջին հերթին՝ ճանապարհի որակի առումով՝ համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում։ Երկրորդ՝ լինելո՞ւ է անվտանգ, իսկ իմ կարծիքով շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասել Արցախի ղեկավարը։

ԱՀ նախագահը նաև ասել է, որ նոր ճանապարհի այն հատվածում, որը կառուցում է Ադրբեջանը, էլեկտրական գիծը ևս կկառուցեն նրանք, մնցած հատվածներում կառուցելու է հայկական կողմը, գրում է «Փաստինֆոն»։

Նրա խոսքով՝ կառուցվելիք նոր էլեկտրական գիծն ավելի մեծ հզորություն է ունենալու։

Կապի խնդիրը, ըստ Արայիկ Հարությունյանի, ևս համատեղ է լուծվելու, այսինքն՝ այն հատվածում, որը կառուցում է Ադրբեջանը, կապի համար շինարարական աշխատանքնեըր ևս կանի Ադրբեջանը, իսկ անվտանգության ապահովման հարցով կզբաղվի «Ղարաբաղ Տելեկոմը»։

«Ղարաբաղ Տելեկոմն» ապահովելու է բազմաշերտ անվտանգային կապ։ Երևի հիշում եք, թե ինտերնետ կապի ինչպիսի խափանումներ են լինում պարբերաբար, երբ ինչ-որ մեկն օդով գնացող գիծը կտրում է։ Այս ընթացքում բազմաշերտ մալուխային գիծ կանցկացվի»,-նշել է նախագահը։

Գազատարի հարցը, Արայիկ Հարությունյանի խոսքով, ավելի բարդ է։

«Գազի հետ կապված բանակցություններ են ընթանում։ Այստեղ կա մի քանի որոշում՝ շատ ավելի ծանր ու թանկ բայց էլի պետք է քննարկենք, տեսնենք ինչպիսի լուծում ենք տալու»,-նշել է Արցախի նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առցանց ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հատվածում երթուղու փոփոխությունը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և որ այդ երթուղու վերաբերյալ կողմերը նախնական համաձայնության են եկել։

Խոսելով Բերձորի, Աղավնոյի և Սուս հայաբնակ բնակավայրերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ սահմաններից, «անցնելու են Ադրբեջանի հսկողությանը»։

‌Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղար․ 1․5 տարի ունենք՝ լուծելու Բերձորի բնակիչների և ճանապարհի խնդիրը