1 հուլիսի 2022 - 10:48 AMT
300,000 դրամը գերազանցող գործարքներն անկանխիկ իրականացնելու օրենքն ուժի մեջ է մտել

Հուլիսի 1-ից 300,000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ եղանակով։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել:

Դա վերաբերում է նաև ֆիզիկական անձանց միջև գործարքներին։

Պետական կառավարման մարմիններին, նոտարական գրասենյակներին և առողջապահական ու կրթական հաստատություններին հուլիսի 1-ից բոլորը վճարումներն անկանխիկ պետք է կատարվեն։

Բժշկական ու կրթական հաստատությունների դեպքում հուլիսի 1-ից օրենքն ուժի մեջ կմտնի Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024-ի հուլիսի 1-ից Հայաստանի ամբողջ տարածքում։

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքով պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում, ինչպես նաև նոտարական ու փաստաբանական ծառայությունների դիմաց վճարները հուլիսի 1-ից դարձյալ անկանխիկ են արվելու։

Հուլիսի 1-ից հետո ՀՀ տարածքում բնակարանի, մեքենայի կանխիկով առքուվաճառքներն առոչինչ կարող են ճանաչվել:

«Գործարքի առոչինչ լինելը նշանակում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ 10 տարվա ընթացքում կարող է դիմել դատարան և կկիրառվի առոչինչության հետևանքները, որը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմից կվերադարձվեն այն ինչ տրվել են»,-ավելի վաղ պարզաբանել էր արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Գրավատների համար մի փոքր բացառություն է սահմանված և օրենքով նախատեսվում է, որ վերջիններս 2022-ի հուլիսի 1-ից վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձևով, եթե վարկի գումարը կգերազանցի 80,000 դրամը, 2023 թ հունվարի 1-ից՝ 50,000 դրամը և 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20, 000 դրամը:

Եթե ֆիզիկական անձինք օրենքի պահանջն առաջին անգամ խախտեն, ապա կտուգանվեն 100,000 դրամի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնվելու դեպքում 200,000 դրամ, բայց գործարքը, միևնույն է, առոչինչ է ճանաչվելու:

Գործարքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու են ՊԵԿ-ը, ԿԲ-ն և Աշխատանքի տեսչությունը, եթե POS տերմինալները խափանվում են, ապա երկօրյա ժամկետում այն պետք է վերականգնվի, իսկ ՀԴՄ սարքերի դեպքում՝ մեկ օրվա ընթացքում: