1 հուլիսի 2022 - 11:00 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը $62 մլն օգնություն է նախատեսում ՀՀ և Արցախի համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2023-ի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների հրապարակած օրինագիծը ներառել է 60 միլիոն դոլարի չափով մարդասիրական օժանդակություն Հայաստանին և 2 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար, գրում է «Ամերիկայի ձայնը»՝ ամերիկահայ կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի վրա հղումով։

Զեկույցի տեքստում ասվում է, որ «Հանձնաժողովի առաջարկը ներառում է ոչ պակաս, քան 60,000,000 դոլար Հայաստանին՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայությանև այլ նպատակների համար»։

Նշվում է, որ Հանձնաժողովի առաջարկը ներառում է նաև ոչ պակաս, քան 2,000,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար։

Նշվում է նաև, որ Հանձնաժողովը մտահոգված է մնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական ազդեցությամբ և դրանից բխող մարտահրավերներով` բնակարանային, պարենային անվտանգության, ջրի և սանիտարական պայմանների, առողջապահական և այլ մարդկային կարիքների ոլորտներում»: