1 հուլիսի 2022 - 12:25 AMT
Որպես «Ալրաղացի Լյովիկ» հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նույն գործով անցնող Սուրեն Ղազարյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մեղադրող դատախազը պահանջել էր Լևոն Սարգսյանին դատապարտել 11, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 9 տարի ժամկետով ազատազրկման։

Պաշտպանության կողմը միջնորդել էր արդարացնել ամբաստանյալներին։ Բացի այդ՝ պաշտպան Դավիթ Կարապետյանը նաև արձանագրել էր, որ գործում առկա ապացույցներով արարքի իրավաբանական որակման խնդիր կա։ Պաշտպանը պահանջել էր Սարգսյանին արդարացնել առաջադրված մեղադրանքում, իսկ եթե դատարանը կգտներ, որ առկա ապացույցները բավարար են, ապա՝ վերաորակեր արարքը և կարճեր վարույթը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 14 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008-ի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամ դատապարտվեc մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

2018-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Գործով մյուս մեղադրյալը՝ Սուրեն Ղազարյանը մեղադրվում է Լևոն Սարգսյանին օժանդակելու մեջ։ Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր Զելենոգրադում՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին։ Նա Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 6-ին։