1 հուլիսի 2022 - 12:43 AMT
Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը հեռացվել են պաշտոններից

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից զրկել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Փակ գաղտնի քվեարկությամբ նրանց պաշտոնից հեռացնելուն կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 0։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ոչ նիստին, ոչ քվեարկությանը չեն մասնակցել։

«Հայաստան» խմբակցության անդամները վերջին շրջանում չէին մասնակցում ԱԺ նիստերին՝ «Դիմադրության» շարժման կազմում դուրս գալով փողոցային պայքարի։

Որպես Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հեռացնելու հիմնավորում նշվել է, որ նա պարբերաբար բացակայել է ԱԺ նիստերից, հրահրել է բախումներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու որոշմամբ ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրելու ԱԺ նախագահի՝ ընդդիմության կողմից առաջադրված այնպիսի տեղակալի, որը կկատարի իր պարտականությունները», - ասել է ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Ընդդիմությունը շտապ հավաք էր կազմակերպել ԱԺ շենքի մոտ։ Ակցիայի մասնակցիներն իրենց ձեռքերի պաստառները՝ Բերձորի նկարները, թողել են խորհրդարանի դիմաց՝ նշելով, որ դա է առաջնային օրակարգը։