1 հուլիսի 2022 - 13:10 AMT
Արցախի ՄԻՊ․ Աղավնոյի բնակիչները, հնարավոր է, տեղափոխվեն Հին Շեն և Մեծ Շեն

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է, որ, եթե ի վերջո հարցը տեղահանման հասնի, Աղավնոյի բնակիչները, հնարավոր է, տեղափոխվեն Հին Շեն և Մեծ Շեն բնակավայրեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առցանց ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հատվածում երթուղու փոփոխությունը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և որ այդ երթուղու վերաբերյալ կողմերը նախնական համաձայնության են եկել։ Խոսելով Բերձորի, Աղավնոյի և Սուս հայաբնակ բնակավայրերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ սահմաններից, «անցնելու են Ադրբեջանի հսկողությանը»։

«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է, եթե ի վերջո հարցը հասնի դրան, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին շեն և Մեծ շեն համայնքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որ գործում են մյուս տեղահանվածների մասով։ Հնարավոր է նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում։ Այս պահին հարցերը շատ են»,-նշել է Արցախի ՄիՊ-ը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանման աշխատանքներ չեն իրականացվում:

Նա նշել է, որ նախօրիեն կապ է հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ և նրանց տեղահանվելու հետ կապված տեղեկություններ չկան։

«Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին և հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են»,-նշել է նա։

Ըստ Ստեփանյանի՝ թե Բերձորի, թե Աղավնոյի բնակիչներն այն նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանված են տեղահանվածների համար։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Ազգային ժողովում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք բանակցությունները, մեր պայքարը»։ Արցախի նախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։ «Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել է նա։