1 հուլիսի 2022 - 15:12 AMT
Սաղաթելյան․ Թեկնածու չենք առաջադրի, ԱԺ-ում մյուս պաշտոններից ևս կհրաժարվենք

Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, և նոր թեկնածու չի առաջադրի։

«Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են», ասել է նա, գրում է «Ազատությունը»։

Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից զրկել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 30-ին չէր բացառել, որ եթե ընդդիմությունն ազատ մնացած պաշտոններում նոր թեկնածուներ առաջադրի, հնարավոր է ընտրեն։

Սաղաթելյանն այսօր ասել է․ «Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները»։

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները նախագահի պաշտոն ունեն մշտական 12 հանձնաժողովներից 3-ում։ «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը։ ‌