1 հուլիսի 2022 - 15:57 AMT
Աբրահամյան. Պնդողները, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայերը պետք է դուրս գան Բերձորից ու Աղավնոյից, թող ցույց տան ձևակերպումը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բերձորի, Աղավնոյի և Սուսի շուրջ ստեղծված վիճակին, գրել է՝ ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումը։

«Բերձոր քաղաքի, Սուս և Աղավնո գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն ամենատարբեր դիտանկյուններից քննարկվում է։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները շատ դեպքերում ընդհանուր գծերով է ներկայացված և դրանց իրականացման հարցում բանակցելու ու հնարավորինս հայկական շահերի շրջանակներում գոնե փոքր հաջողություններ գրանցելու հնարավորություն կա։

Կոնկրետ այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը սահմանում է հետևյալը. «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Ովքեր պնդում են, որ եռակողմ հայտարարությունով է սահմանված Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայ բնակչության դուրս գալը և բնակավայրերի հանձնումը, ապա թող ցույց տան դրա վերաբերյալ ձևակերպումը»,-գրել է նա։

Պատգամավորը հավելել է, որ այլընտրանքային ճանապարհի նախագիծը կարող էր քննարկվել ու հաստատվել այնպիսի տրամաբանության ներքո, որի դեպքում 3 հայկական համայնքները կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին։

«Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի շանտաժի, սպառնալիքի ներքո է եռակողմ հայտարարության այս դրույթն իրականացվում ադրբեջանական հավակնությունների շրջանակում։

Իրադրությունը բավականին բարդ է, պարզ, ստանդարտ լուծումներ չունի և ցանկացած կարգավորում պետք է լինի խիստ հաշվարկված, հակառակ դեպքում նոր կորուստներն անխուսափելի կլինեն։

Ադրբեջանի հետ տարբեր հարցերով բանակցությունները ենթադրում է ծանր գործընթաց, որը ՀՀ ներկայիս իշխանությունների պայմաններում մեզ համար շահեկան լուծման հնարավորություն չի ընձեռում»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան առցանց ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի հատվածում երթուղու փոփոխությունը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և որ այդ երթուղու վերաբերյալ կողմերը նախնական համաձայնության են եկել։ Խոսելով Բերձորի, Աղավնոյի և Սուս հայաբնակ բնակավայրերի մասին՝ Փաշինյանն ասել է, որ այն տարածքները, որոնք դուրս են նախկին ԼՂԻՄ սահմաններից, «անցնելու են Ադրբեջանի հսկողությանը»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Ազգային ժողովում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու դեպքում «Բերձորից պետք է դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված շարունակելու ենք բանակցությունները, մեր պայքարը»։ Արցախի նախագահի խոսքով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ կապված Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից մի քանի առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են։ «Մենք ընտրել ենք ըստ մեզ լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որը ես չեմ ուզում բարձրաձայնել։ Ինչու ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով հետագա անվտանգային խնդիրը»,- նշել է նա։

Ընթերցեք նաև․ Արցախի ՄԻՊ․ Աղավնոյի բնակիչները, հնարավոր է, տեղափոխվեն Հին շեն և Մեծ շեն