1 հուլիսի 2022 - 19:00 AMT
Նախարար․ Գերմանիան թոշակառու իր մասնագետներին որպես խորհրդատու կգործուղի ՀՀ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Սվենյա Շուլցեի հետ հանդիպման ավարտին ասել է, որ Գերմանիան թոշակի անցած իր մասնագետներին կգործուղի Հայաստան։

«Գերմանիայի Դաշնությունն իր` արդեն թոշակառու դարձած մասնագետներին որպես խորհրդատու արտերկիր ուղարկելու ծրագիր ունի։ Դա շատ հետաքրքիր ծրագիր է մեզ համար, քանի որ տնտեսության արդիականացման և տնտեսական արտադրողականության բարձրացման մեր ծրագրերից մեկը բարձրակարգ մասնագետներին հայկական ընկերություններում ներգրավելն է»,– ասել է Քերոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նախարարի գնահատմամբ` եթե ծրագիրը հաջողվի, կարող է մեծ խթան լինել հայկական ընկերությունների արտադրողականության բարձրացման համար։

Սվենյա Շուլցեն իր հերթին նշել է, որ հայկական կողմի հետ ծրագրերի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանն ապահովի իր որդեգրած իրավական պայմանները` պայքար կոռուպցիայի դեմ, արդարադատության համակարգի բարեփոխումներ, կայուն ժողովրդավարություն։

«Սրանք այն երաշխիքներն են, որոնց դեպքում հնարավոր են գերմանական ներդրումներ, և որոնց դեպքում գերմանական կողմը ուրախ կլինի աջակցել ՀՀ կառավարությանը»,– ասել է Շուլցեն։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։