2 հուլիսի 2022 - 12:42 AMT
Մարության․Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում այս պահին չեմ կայացրել

Երևանի նախկին քաղաքապեռ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով մի հրապարակման, գրել է, որ Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չի կայացրել։

Անդրադառնալով Radar Armenia-ի հրապարակմանը, որի համաձայն իր պաշտոնավարման ընթացքում մեծ չարաշահումներ են գրանցվել՝ Մարությանը գրել է, որ դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է, իսկ շարժառիթը հանրությանը «պատրաստելը ընտրություններին»:

Ըստ հրապարակման՝ 2018-2021 թթ․ Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահումներ են եղել։

«Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։

Դե, իսկ շարժառիթն անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»:

Տղեք, ինչու չէ նաև աղչկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։

Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել», - ասվում է Մարությանի գրառման մեջ։

2021-ի դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Դեկտեմբերի 22-ին «Իմ քայլը» անվստահություն հայտնեց նրան և քաղաքապետ առաջադրեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, որն էլ դարձավ քաղաքապետ։