2 հուլիսի 2022 - 14:26 AMT
Քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը և ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմը քննարկել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները։

ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով գրասենյակի ներկայացուցիչ Շիրիշկամուր Ռավանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել՝ օժանդակելու ՀՀ-ին աղետների ռիսկերի կառավարման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները, հնչել են մի շարք առաջարկություններ՝ աղետների դեմ պայքարում տիեզերական տեղեկատվության կիրառման զարգացման նպատակով ռազմավարական փաստաթղթերի և ուղեցույցների մշակման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկումը կշարունակվի աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովի շրջանակներում։

Մայիսի 26-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` «SpaceX» ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։