4 հուլիսի 2022 - 12:51 AMT
Վարդազարյանը ԲԴԽ նախագահի ընտրությունները հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

ԲԴԽ լիազորությունները դադարեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահի ընտրությունները հետաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Միքայելյանին ուղղված միջնորդության տեքստը։

Միջնորդությունը վերաբերում է նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելուն։

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները ԲԴԽ որոշմամբ դադարեցվել են հունիսի 23-ին հրապարակած որոշմամբ։ Հուլիսի 1-ին Վարդազարյանի փաստաբանը բողոք էր ներկայացրել այդ որոշման դեմ։

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրության հիման վրա նախապատրաստված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։

ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը:

Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր: Իսկ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: