4 հուլիսի 2022 - 17:36 AMT
ԲԴԽ նախագահ չի ընտրվել․ Պարտականությունները կկատարի Չիչոյանը

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ հուլիսի 4-ին ՀՀ բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։

«Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:

Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց:

Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԲԴԽ լիազորությունները դադարեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահի ընտրությունները հետաձգելու միջնորդություն է ներկայացրել։ Այն վերաբերում է նաև բողոքի քննությունը մինչև նախագահի ընտրությունը քննելուն։

Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, որի դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կկարճվեն և նա կմնա ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ զրույցը 2 ժամից ավելի է տևել, իսկ ձայնագրությունում «ծաղկաքաղն է ներկայացված»։

ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը:

Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր: Իսկ հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել: Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են։