4 հուլիսի 2022 - 18:15 AMT
Բայրամով․ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում

Այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։

«Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային, այդ թվում «3+3» ձևաչափով համագործակցությանը մասնակցության առումով։ Մոտ ապագայում Իրանը կընդունի այդ ձևաչափով հանդիպումը»,-ասել է նա Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, գրում է Interfax.az-ը։

Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

«Մենք հայտարարել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և միջազգային հաղորդակցությունը վերականգնելու մեր պատրաստակամության մասին»,-ասել է նա։

Բայրամովը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանում մեքենաների և տրակտորների համատեղ արտադրութուն հիմնել։

Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նախագծին՝ Բայրամովն ասել է, որ մոտ ապագայում կսկսվի առաջին կամրջի կառուցումն այդ տարածաշրջանում։

«3+3» ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցելու ձևաչափի հանդիպումներին և ներկա չի եղել առաջին հանդիպմանը, որը կայացել է 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում։