4 հուլիսի 2022 - 18:56 AMT
Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը

‌Ուզբեկստանի սահմանադրությունում կպահպանվի Կարակալպակստանի ինքնիշխանության դրույթը։ Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության մեջ այդ դրույթի պահպանմանը։

Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել, որ երկրի սահմանադրության 70, 71, 72, 73, 74, 75 հոդվածներն անփոփոխ մնան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ից ցույցեր էին սկսվել, քանի որ սահմանադրության նոր խմբագրության մեջ այլևս չէր հիշատակվելու տարածաշրջանի ինքնիշխանությունը։ ՆԳՆ-ն ցույցերն ապօրինի էր հայտարարել, ցուցարարները փորձել էին զավթել կառավարական շենքերը։ Անկարգությունների արդյունքում 18 մարդ է զոհվել։ 516 մարդ բերման է ենթարկվել։

Հուլիսի 2-ին Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կգործի մինչև օգոստոսի 2-ը։

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը ժամանել է Նուկուս և առաջարկել է պահպանել ինքնիշխանության մասին դրույթը։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակվել է հունիսի 25-ին, հանրային քննարկումներն ավարտվելու են հուլիսի 5-ին։ Կարակալպակստանը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, բնակչությունը մոտ 2 մլն է։

Կարակալպակները թյուրքական էթնիկական խումբ են, Կարակալպակստանի հիմնական բնակչությունը։ Լեզուն կարակալպակերենն է։ Դավանում են սուննի իսլամ։ Մինչև XX դ. սկիզբը կարակալպակներիի տնտեսական, հասարակական և ընտանեկան կյանքում պահպանվում էին տոհմացեղային հարաբերություններ։