5 հուլիսի 2022 - 12:44 AMT
‌Փաշինյան․ ՀՀ-ն պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը

Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։ Այդ մասին Սահմանադրության օրվա առթիվ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2021-ի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:

«Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը: Ըստ այդմ, ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի:

Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին:

Սահմանադրության օրվա առիթով պիտի առանձնահատուկ ընդգծեմ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի»,-ասվում է ուղերձում:

Վարչապետը նշել է նաև, որ ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը կառավարության օրակարգի առաջնահերթությունների շարքում է:

«Տեղյակ եք անշուշտ, որ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն»,-ասվում է ուղերձում: ‌