5 հուլիսի 2022 - 12:51 AMT
Տեղահանված արցախցիները կառավարության մոտ փախստականի կարգավիճակ էին պահանջում

Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրին` շարունակելով պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հավաքվածները հիմնականում Հադրութից ու Շուշիից են, սակայն կան նաև Շահումյանի, Քարվաճառի շրջաններից տեղահանվածներ, գրում է Sputnik Արմենիան։

«Մեր առաջնահերթ պահանջներից է նաև Արցախի հետ միացումը կամ Արցախի անկախության ճանաչումը։ Այսօր մենք այսքանով կավարտենք ակցիան, սակայն վաղը ժամը 11։00-ից կվերադառնանք հենց կառավարության շենքի մոտ։ Սկսելու ենք նստացույցեր, գնալու ենք նաև ՄԱԿ–ի գրասենյակի, արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատների մոտ»,– նշել է Հայրիյանը։

Նրա խոսքով` իրենց պայքարը երկարատև է լինելու և փորձելու են այդ կառույցներից պարզել, թե ով է պատրաստվում լուծել իրենց ներկայացրած պահանջները։ Հայրիյանը շեշտել է` եթե ոչ ոք չլսի իրենց ձայնը` հաջորդ քայլերին կանցնեն և չմանրամասնեց, թե ինչպիսին կլինեն դրանք։

Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ` Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։

Կառավարության շենքի մոտ նաև ոստիկաններ կային, որոնք պատնեշ էին կազմել։ ‌