Գյումրիում անցկացվող Tech Week Gyumri 2022-ի շրջանակում հայտարարվել է, որ ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու կիսատ մնացած երազանքը կյանքի կկոչվի։
Tech Week Gyumri 2022-ի ընթացքում Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանն ասել է, որ այս նպատակի համար իրականացվում է «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Մնացականյանի կիսատ թողնված երազանքը, տեղեկացնում է Armenian Business News-ը։
«Սոնան ուներ ծրագրեր, որոնց մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք՝ ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկն Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- նշել է Սպարտակ Կյուրեղյանը:
Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 29-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել։