5 հուլիսի 2022 - 15:50 AMT
Քյարամյանին արդարադատության 3-րդ դասի պետխորհրդականի դասային աստիճան է շնորհվել

Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիրը է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Էլբեկի Քյարամյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասվում է հրամանագրում։

ՊԵԿ քննչական վարչության պետ, ՀՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական Տիգրան Հարությունյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Նախագահ Վահագն խաչատուրյանը շնորհավորել է պաշտոնատար անձանց Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ:

«Շատ խորհրդանշական է, որ Դուք հերթական դասային աստիճաններն ու կոչումները ստանում եք հենց այս տոնական օրը: Սահմանադրությունը ոչ միայն մեր երկրի մայր օրենքն է, այլև պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն հենքը»,-ասել է նա։ ‌