Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Հայաստանում «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումը։ Այդ մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբոլոգում։
Միջազգային կազմակերպությունը ողջունել է նաև ԶԼՄ-ներին առնչվող օրենսդրության վերաբերյալ լայնածավալ խորհրդակցություններ անցկացնելու կառավարության հանձնառությունը, ինչն արտացոլված է նաև ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների միջև ստորագրված հուշագրում։
Freedom House-ը նաև հորդորել է ՀՀ վարչապետին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսները, ապահովելու համար ժողովրդավարության իրացումը։
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ Քրեական օրենսգիրքը, որով այլևս քրեական պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար։ Պահպանվել է միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3,000,000 դրամի չափով։
Ծանր վիրավորանքի համար պատասխանատվությունը քրեականացվել էր 2021թ. օգոստոսի 30-ից։ Քրեական պատասխանատվություն էր նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: