Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին, ասել է, որ դա ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպում երրորդ երկրներում՝ ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո այդ հանդիպումները հնարավոր կլինի անցկացնել Հայաստանում և Թուրքիայում։
«Կարծում եմ, որ հետագայում հնարավոր կլինի սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար»,– ասել է նա՝ հավելելով, որ այս առումով քննարկել են հարցեր, թե ինչպես կարելի է ավելի ինտենսիվ առաջ շարժվել։
Գրիգորյանն ասել է նաև, թե ընդդիմության պնդումները նախապայմանների մասին մտացածին են և որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։
«Եվ Մոսկվան, և Բրյուսելը վերջին մեկ տարվա, նույնիսկ վերջին 6-7 ամսվա ընթացքում հայտարարել են, որ միջանցքային տրամաբանության որևէ հարց երբեք չի քննարկվել»,– հավելել է նա։
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Նա ասել է, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա և Հայաստանը շարունակում է աշխատել, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ հնարավոր լինի առաջ տանել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն: