13 հուլիսի 2022 - 18:12 AMT
ՄՕԿ փոխնախագահ․ Ռուս և բելառուս մարզիկները հազիվ թե կարողանան մասնակցել 2024-ի Օլիմպիադային

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Քրեյգ Ռիդին հայտարարել է, որ ռուս և բելառուս մարզիկները հազիվ թե կարողանան մասնակցել 2024-ի Օլիմպիադային, որը կայանալու է Փարիզում։

«Հիմա մարզիկների մեծամասնությունը ՌԴ-ից և Բելառուսից մի այլ խնդրի է բախվում՝ նրանք չեն կարողանում մասնակցել Օլիմպիադա-2024-ին մասնակցություն ապահովող որակավորման մրցումներին»,-ասել է Ռիդին, գրում է The Guardian-ը։

Ռիդին հիշեցրել է, որ միջազգային կոմիտեների մեծ մասն արգելել է ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցումներին Ուկրաինայի դեմ ՌԴ սկսած պատերազմի պատճառով։ Միայն հեծանվավազքի, ձյուդոյի և թենիսի միջազգային ֆեդերացիաներն են թույլատրել վերոնշյալ մարզիկների մասնակցությունը։

«Քիչ հավանական է, որ ինչ-որ մեկը կկարողանա անցնել որակավորման փուլը, այս 3 մարզաձևերից զատ, որտեղ արգելքը չի գործում։ Բայց կկարողանան արդյո՞ք նրանք որակավորում անցնել։ Վստահ չեմ»,-ասել է նա։

Փետրվարին ՄՕԿ-ը հորդորել էր սպորտի միջազգային ֆեդերացիաներին հեռացնել ռուս և բելառուս մարզիկներին միջազգային մրցումներից։