9 ապրիլի 2009 - 18:01 AMT
Ջավախեթիի հայերի խնդիրներն անմիջականորեն կապված են Վրաստանում առկա ներքին քաղաքական դրության հետ
Ջավախքի ակտիվիստ Վահագն Չախալյանին զրկելով ազատությունից` վրացական իշխանությունները ցանկանում են ճնշել շրջանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Վրաստանի գծով փորձագետ Թամարա Վարդանյանը: «Սամցխե-Ջավախեթիի հայերի խնդիրներն անմիջականորեն կապված են Վրաստանում առկա ներքին քաղաքական դրության հետ: Ազգային փոքրամասնությունների հարցը վրացական կառավարության հիմնական խնդիրներից մեկն է»,- հայտնել է հայ փորձագետը: Նրա խոսքով, Վահագն Չախալյանը վրացական իշխանությունների թիրախն է, եւ նրա բանտարկման մասին վճիռը կարող է միայն սրել դրությունը շրջանում: «Հայաստանի քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն եւ պահանջեն ազատ արձակել ոչ միայն Չախալյանին, այլեւ մնացած հայ ակտիվիստներին»,- նկատել է Թամարա Վարդանյանը: Խոսելով Վրաստանում առկա ներքին քաղաքական դրության մասին` փորձագետը նշել է, որ այնտեղ ոչ կայուն դրությունը դեռ երկար կշարունակվի:
Ապրիլի 6-7-ին Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախահայ քաղաքական ակտիվիստ, «Միացյալ Ջավախք» ժողովրդավարական դաշինք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով ամփոփիչ դատական լսումները: Դատարանը Վահագն Չախալյանին դատապարտեց 10 տարվա ազատազրկման առանց ժամկետի մի մասը որեւէ տուգանքով փոխարինելու: