9 ապրիլի 2009 - 19:05 AMT
Հայ-թուրքական սահմանի բացում. Ադրբեջանը սպառնում է Թուրքիայի՞ն
Ադրբեջանի իշխող կուսակցությունը հավատում է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների վերջին հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի հետ սահմանը չի բացվելու: «Այսօր Թուրքիայի վարչապետը կրկին հայտարարեց, որ իրենք երբեք Ադրբեջանի շահերի դեմ քայլեր չեն ձեռնարկի: Ուստի մենք պետք է սպասենք գործընթացների հաջորդ փուլին»,- նշել է պատգամավոր, «Ենի Ազերբայջան» (ԵԱԿ) կառավարող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: Նրա խոսքով, Թուրքիայի պաշտոնական անձանց նման հայտարարություններն անլուրջ ընդունելու դեռեւս ոչ մի հիմք չկա:

«Հայաստանի հետ սահմանի բացումը լուրջ հարց է, որը կապված է միջպետական եւ միջազգային հարաբերությունների հետ: Այդ հայտարարությունները պետք է նույնպես ամրապնդվեն գործողություններով»,- ասել է ԵԱԿ գործառնողը: Նրա խոսքով, եթե Թուրքիայի իշխող շրջանները չհետեւեն իրենց խոստումներին, շատ լուրջ քայլեր կձեռնարկվեն, հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը: