23 հուլիսի 2022 - 12:54 AMT
Վարչապետը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին․ ՀՀ-ն շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին՝ Հեղափոխության 70-ամյակի առթիվ:

Նա նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում և ահաբեկչության դեմ պայքարում։

«Մեծարգո նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հեղափոխության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն առանձնանում են պատմական սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամությամբ և զարգացման մեծ ներուժով։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք հայ-եգիպտական հարաբերությունները կբարձրացնենք նոր մակարդակի՝ ընդլայնելով երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,-ասվում է ուղերձում։ ‌