Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր աշխատանքային թիմով հուլիսի 24-ին այցելել է Կարս:
Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը կոչվող անցակետ, ապա շրջայց արել Անիի ավերակներում, գրում է Ermenihaber-ը։
Տեղական GazeteKars լրատվամիջոցի տեղեկության համաձայն՝ Քըլըչը Կարսում ունեցել է մի շարք հանդիպումներ, որոնք, սակայն, անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով:
Կարսում Սերդար Քըլըչն այցելել է նաև Պանրի թանգարան ու ռազմական թանգարան:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական գործընթացում Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են: