29 հուլիսի 2022 - 11:15 AMT
Միրզոյան. ՄԱԿ-ի հետ գործակցության ՀՀ առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների ԱԳ նախարար Աբդուլա Շահիդը կարևորվել են ՄԱԿ-ի և Հայաստանի միջև Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ իրականացվող համագործակցությունը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համագործակցության Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաև ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության պաշտպանությունը։ Հավելվել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդման և ոճրագործությունների կանխարգելման համապատասխան մեխանիզմների կատարելագործումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը և շեշտել ՄԱԿ համապատասխան կառույցների՝ տեղում անարգել ներգրավվածության հրամայականը։

Միրզոյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու Հայաստանի հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո՝ նշելով, որ այն միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող են հասցեագրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օրակարգի առաջմղմանը։ Աբդուլա Շահիդը, իր հերթին, բարձր է գնահատել Խորհրդում Հայաստանի ծավալած արդյունավետ գործունեությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովումը և գոհունակություն հայտնել հուլիսի 24-ը կին դիվանագետների օր ճանաչելու Մալդիվների նախաձեռնության կապակցությամբ, ինչի վերաբերյալ բանաձևի համահեղինակ է Հայաստանը։

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունը, որին ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ ԳԱ նախագահը հանդես են եկել ելույթով: Այցի շրջանակներում Աբդուլա Շահիդը նաև հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ կին դիվանագետների հետ, որի ընթացքում կարևորվել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումը և կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդը, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, Twitter–ի իր միկրոբլոգից ջնջել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին գրառումը։ Այս կապակցությամբ Twitter-ում հայ օգտատերերը բողոքի ալիք են բարձրացրել։ Սոցցանցերում ՀՀ ԱԳՆ-ի էջի հրապարակումների տակ հայտնվում են բացասական մեկնաբանություններ և Շահիդի ջնջած գրառման սքրինշոթերը։ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Շահիդին Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար։

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլա Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում: