29 հուլիսի 2022 - 12:20 AMT
Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը հայտնի են

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է Entrepreneurship World Cup 2022 մրցույթի ազգային փուլի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։

Ավելի քան 110 թիմից 99-ը հաղթահարել է նախնական փուլը, իսկ 34-ն անցել է կիսաեզրափակիչ փուլ։ Ընտրությունն իրականացվել է 48 մասնագետի կողմից, որոնք յուրաքանչյուր հայտ ուսումնասիրել և գնահատել են՝ ըստ EWC-ի միջազգային գնահատման ստանդարտների։

EWC մրցույթի ազգային կիսաեզրափակիչը կանցկացվի օգոստոսի 1-ին և 2-ին։ Կանխատեսվում է, որ մոտ տասներկու ստարտափ թիմ կանցնի ազգային եզրափակիչ փուլ։

Օգոստոսի 4-12-ը եզրափակիչ փուլ անցած թիմերը կմասնակցեն որակավորված մասնագետների և բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։

Ազգային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում: Սա կարող է համարվել ձեռներեցության մշակույթի տոն, որը հագեցած կլինի ոգեշնչող ելույթներով հետաքրքիր պանելային քննարկումով և ազգային եզրափակչի մրցույթով, որին ներկա կլինեն հատուկ հյուրեր, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր: Միջոցառմանը կհաջորդի հետընտրական երեկույթ՝ նշելու հաղթողների ձեռքբերումները և լիցքաթափվելու մի քանի ամսվա տքնաջան աշխատանքից հետո:

EWC միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ, ինչը փաստում է հայաստանյան ստարտափ համակարգի դրական աճի մասին։

EWC-ի ազգային եզրափակչին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել: Գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է։

Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի գլխավոր կազմակերպիչը EPIC-ն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), TEAM Telecom Armenia-ի և Թումո լաբերի հետ: