10 ապրիլի 2009 - 14:05 AMT
Հայաստանն ու Կուբան շահագրգիռ են համագործակցությունը զարգացնելու հարցում
ՀՀ-ում Կուբայի դեսպան. «Հայաստանի եւ Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Կուբայի նորանշանակ դեսպան Խուան Վալդես Ֆիգերոային (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Արման Կիրակոսյանը դրական է գնահատել հայ-կուբայական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ նշել է, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար:
Դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան ընդգծեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ քաղաքական երկխոսության աշխուժացման անհրաժեշտությունը: «Հայաստանի եւ Կուբայի համար փոխշահավետ կլինի տնտեսության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը»,-ընդգծել է կուբացի դիվանագետը: