1 օգոստոսի 2022 - 15:44 AMT
Կոսովոյում հետաձգել են սերբերի վրդովմունքն առաջացրած միջոցների կիրառումը

Կոսովոյի իշխանությունները որոշել են մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել տարածաշրջանում ապրող սերբերի ավտոմեքենաների համարների և անձնագրերի փոխանակումը։ Օգոստոսի լույս 1-ի գիշերն այդ մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտին՝ հավելելով, որ դրա համար պետք է վերացվեն Կոսովոյի հյուսիսում կանգնեցված բարիկադները, որպեսզի երթևեկությունը ազատ լինի, գրում է Deutsche Welle-ն։

Հուլիսի 31-ի երեկոյան հարյուրավոր սերբեր բեռնատարներ և այլ ծանր տրանսպորտային միջոցներ են կայանել Կոսովոյի և Սերբիայի սահմանին՝ արգելափակելով երթևեկությունը։ Սերբերը բարիկադներ են կառուցել։ Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրտինը հայտարարել է, թե իրավիճակի սրացման մեղավորը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն է։ Վուչիչն իր հերթին հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյում «երբեք ավելի բարդ» չի եղել Սերբիայում և Կոսովոյում բնակվող սերբերի համար, քան հիմա։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Կոսովոյի վարչակարգի այդ որոշումը։

«Հուսով ենք, որ բոլոր արգելափակումները կհանվեն»,-գրել է Բորելը Twitter-ում՝ հավելելով, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն ԵՄ աջակցությամբ՝ երկխոսության միջոցով։

Վերջին անգամ իրավիճակը տարածաշրջանում սրվել էր 2021-ի սեպտեմբերին, երբ հարյուրավոր սերբեր ամենօրյա երթեր ու բողոքի ակցիաներ էին իրականացնում և արգելափակում երթևեկությունը երկու սահմանակետում։ Պատճառը կրկին Պրիշտինայի որոշումն էր՝ պարտավորեցնել Սերբիայում գրանցված ավտոհամարներով վարորդներին ժամանակավոր համարներ ստանալ Կոսովո մուտք գործելիս։ Կոսովոյից Սերբիա մեկնողները նույն կերպ պետք է վարվեին։

Photo: Anadolu Agency/Getty Images