10 ապրիլի 2009 - 18:39 AMT
Վահագն Չախալյանի դատական գործը քաղաքական պատվեր է
Հայ ակտիվիստ, «Միացյալ Ջավախք» ժողովրդավարական դաշինքի» ղեկավար Վահագն Չախալյանի դատական գործը Թբիլիսիի քաղաքական պատվերն է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Վահագն Չախալյանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել իր քաղաքական հայացքների եւ հասարակական գործունեության պատճառով: Նրան ներկայացված մեղադրանքներն ապացույցների բացակայության պատճառով հերքվել են դատարանի դահլիճում»,- նշել է նա:

Շիրակ Թորոսյանի խոսքով, դատական գործընթացն ուղղված էր ոչ միայն Չախալյաննների ընտանիքի, այլեւ շրջանի ողջ հայ բնակչության դեմ: «Վրացական իշխանությունները վախեցման քաղաքականություն են վարում: Բայց Չախալյանների դատական գործն այդպես չի ավարտվի: Հայ ակտիվիստի ընտանիքը վճռաբեկ դատարան եւ անգամ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան կդիմի»,- հայտնել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավարը:

Ապրիլի 6-7-ին Աախալցխայի շրջանային դատարանում կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, ,Միասնական Ջավախքե ժողովրդավարական դաշինքե քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության եզրափակիչ նիստերը:

Ապրիլի 6-ին մեղադրական ճառով հանդես եկավ դատախազ Իրակլի Բարձիմաձեն, որը Վահագն Չախալյանի համար պահանջեց 14 տարի ազատազրկում եւ 18000 լարի (10,650 ԱՄՆ դոլար) տուգանք, Ռուբեն Չախալյանի համար` 4 տարի ազատազրկում եւ 6,000 լարի (3,550 ԱՄՆ դոլար) տուգանք, Արմեն Չախալյանի համար` 3 տարի պայմանական ազատազրկում եւ 3,000 լարի (1,750 ԱՄՆ դոլար)տուգանք: Այնուհետեւ ելույթներով հանդես եկան դատապաշտպանները: Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը վերադաս դատական ատյաններում, իսկ այնուհետեւ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: