5 օգոստոսի 2022 - 12:31 AMT
Մակրոնը ԼՂ-ում իրավիճակի մասին խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացմանը և հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունըւ։

Նշվում է, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, իսկ Ալիևի հետ՝ օգոստոսի 4-ին։

Նա մտահոգություն է հայտնել վերջին օրերի լուրջ միջադեպերի, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջանում սրացման կապակցությամբ: Նա հորդորել է բոլոր ջանքերը գործադրել էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար:

Նշվում է, որ Մակրոնը նաև կարևորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ֆրանսիան սերտ կապ է պահպանում կողմերի և գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել ու իր ավանդը ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և տարածաշրջանի կայունության ապահովման ջանքերում։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։