Կառավարությունը հաստատել է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը:
Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը, ով կանցնի վերապատրաստում ու կհավաստագրվի:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ. հունվարի 1-ից, սակայն մինչ այդ 2023թ. իրականացվելու է պիլոտային ծրագիր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ շահառուների շրջանակը ներառում է ամենակարիքավոր խումբը։
Անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:
Կանխատեսվում է ունենալ կարգի պայմաններին համապատասխանող 2450 անձ:
Ծառայության կարիքը և ծավալը կսահմանվի 2023թ. փետրվարին անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրմամբ:
Որոշմամբ սահմանվում են նաև այն պայմանները, որոնց դեպքում չափահաս անձը անձնական օգնական չի կարող լինել՝ որոշակի հիվանդություններ, դատվածության որոշակի դեպքեր և այլն:
Ծառայությունը ներառում է հաշմանդամություն ունեցող անձի խնամք (սննդի պատրաստում, բնակարանի մաքրություն, գնումներ, բժշկի այցելության հարցերում օգնություն և այլն), նաև միջավայրային արգելքները՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու բարդությունները հաղթահարելու աջակցություն:
Անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծառայության մատուցման համար կպահանջվի 5,186,160 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 դրամ։
Ժամակոչյանը նաև տեղեկացրել է, որ խելամիտ հարմարեցումները պետք է ապահովվեն գործատուների կողմից, այս պահին որոշակի քայլեր արդեն արված են, իսկ առաջարկվող հարմարեցումները կարող են լինել տարբեր բնույթի և ոչ ծախսատար՝ օրինակ, ժամականացույցի վերանայում, դռան բռնակի տեղափոխություն և այլն:
2023թ. ընթացքում որոշումը կլավարկվի և 2024թ. հունվարի 1-ից լիարժեք կկիրառվի։