11 օգոստոսի 2022 - 18:27 AMT
Գյուղապետ․ Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, հեռախոսակապը կանջատվի, իսկ բեռնափոխադրողները մեծ գումար են ուզում

Արցախի Աղավնո գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատեն նաև հեռախոսային կապերը։ Այդ մասին ասել է Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ գյուղը Աղավնոյում ներկայումս ապրում է մոտ 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա։ Նա նշել է նաև, որ բնակիչները պատրաստվում են լքել իրենց տները, բայց դեռ անորոշ վիճակ է, նրանք չգիտեն, թե ինչպես կդասավորվի իրենց ապագան։

Չավուշյանն ասել է, որ գյուղացիները որոշակի դժվարությունների են հանդիպում, կարիք ունեն կենցաղային, անձնական իրերի տեղափոխման, իսկ բեռնափոխադրողները մեծ գումար են ուզում՝ օգտվելով մեծ պահանջարկից։

Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր կորոշեն տեղափոխվել Երևան, քանի որ հեռավորությունը մեծ է, իսկ տրանսպորտն ավելի թանկ կարժենա։ Գյուղացիները հիմնականում մտադիր են տեղափոխվել ՀՀ Սյունիքի մարզ և Երևան, մոտ 7-8 ընտանիք էլ ցանկանում է բնակություն հաստատել Արցախի Ասկերանի շրջանում, սակայն մինչ այժմ վերջնական որոշում չկա։

Այն, որ բնակիչները պետք է լքեն գյուղը, Չավուշյանը պարզել է մի քանի շաբաթ առաջ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։ Նախորդ օրը գյուղապետարանը շինանյութ էր գնել դպրոցի շենքի մի մասը վերանորոգելու համար, սակայն հետո տեղեկացել են Աղավնոյից հեռանալու Ադրբեջանի պահանջի մասին։

«Քանի որ Հարությունյանը հայտարարել էր, որ Բերձորը չենք կարող պահել, բայց Աղավնոն կմնա, որոշեցինք վերանորոգել դպրոցը։ Բայց հետո եղավ այն, ինչ եղավ»,- ասել է նա։

Կատարվածի մեջ նա տեսնում է պետության պատասխանատվությունը, որը պարտավոր էր բանակ ունենալ, պաշտպանել մարդկանց, բայց չարեց։

Չավուշյանը նաև ասել է, որ մինչև Աղավնոն լքելը տեղի եկեղեցու խաչքարերը հանվում են, քանի որ բնակիչները մտավախություն ունեն, որ ադրբեջանցիները կպղծեն դրանք։

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայն, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։