10 ապրիլի 2009 - 20:54 AMT
Հայաստանի երիտասարդական հավաքականի թիավարության առաջնության փակումը կկայանա Երեւանյան լճի ափին
Հայաստանի թիավարության երիտասարդական հավաքականի առաջնությունը մոտենում է ավարտին: Ապրիլի 11-ին Երեւանյան լճի ափին կկայանա երկրի առաջնության փակման արարողությունը, որն իր մեջ ներառում է մրցանակակիրներին մեդալներով եւ դիպլոմներով պարգեւատրելը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է թիավարության Հայաստանի հավաքականի մարզիչ Հարություն Գասպարյանը, հայ մարզիկներն արդեն եզրափակել են իրենց ելույթները թիավարական սլալոմ եւ ակադեմիական թիավարություն դիսցիպլիններում, իսկ ապրիլի 11-ին կկայանա թիավարում բայդարկաներով եւ կանոեներով կարգերի Հայաստանի առաջնության հաղթողների պարգեւատրման արարողությունը:
Հայաստանի առաջնության գլխավոր դատավոր է հանդես գալու Անդրկովկասում միջազգային կարգի միակ դատավոր Սամսոն Պողոսյանը:
Երկու ուժեղագույն թիավարողները կընդգրկվեն թիավարության միջազգային ֆեդերացիայի (FISA) «Երիտասարդ տաղանդավոր մարզիկ» ակումբ:
Հայաստանի առաջնությունից հետո կձեւավորվի թիավարության երիտասարդական հավաքական, որը կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնություններին Ռուսաստանում (հուլիսի 31-ից օգոստոսի 2) եւ Ֆրանսիայում (հուլիսի 10-11), իսկ 2010-ին` Սինգապուրի օլիմպիական խաղերին: