12 օգոստոսի 2022 - 14:43 AMT
Պավլիկ Մանուկյանը «Իզմիրլյան» ԲԿ է տեղափոխվել

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մանուկյանը 11 օր է, ինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ էր հայտարարել։ Նա պահանջում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն որևէ պատկան մարմին նրան առայժմ չի արձագանքել։

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ Մանուկյանը քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվել է օգոստոսի 11-ի երեկոյան։ Նա, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի հացադուլը, քանի որ առողջական վիճակը վատ էր։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Մանուկյանը նույնիսկ չէր կարողանում քայլել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։