13 օգոստոսի 2022 - 12:24 AMT
Ալիև․ Առաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը ներկայացնի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին սպասում են, որ Հայաստանը ներկայացնի «Զանգեզուրի միջանցքի երթուղին»:

«Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ։ Մենք դեռևս դրական պատասխան չենք ստացել, բայց, հուսով եմ, կստանանք։ Պետք է սահմանազատման հանձնաժողով ստեղծել։ Նրանք դրան էլ էին դեմ, բայց արդյունքում համաձայնվեցին»,-ասել է նա, գրում է ԱՊԱ-ն։

Զանգեզուրի միջանցք է պետք, նրանք դրան էլ էին դեմ։ Հիմա, առաջիկա շաբաթներին, մենք նրանցից ակնկալում ենք, որ ներկայացնեն Զանգեզուրի միջանցքի երթուղին»,-ասել է Ալիևը հավելելով, որ իրենք «միշտ հասել են իրենց ուզածին»։

Ալիևն ասել է նաև, թե Ղարաբաղում ապրող հայերը ևս «տեսան, որ կարող են միայն օգուտ ստանալ Ադրբեջանից»։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն էր հայտարարել, որ «սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում»։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։

Ընթերցեք նաև․ Ալիև․ Ղարաբաղի հայերը ոչ կարգավիճակ կունենան, ոչ անկախություն, ոչ էլ որևէ արտոնություն