15 օգոստոսի 2022 - 12:51 AMT
ԱԱԾ հորդորը՝ զերծ մնալ ՀՀ-ում ահաբեկչության սպառնալիքների մասին չճշտված տեղեկություններ տարածելուց

Ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց, օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար:

Նշվում է, որ ԱԱԾ-ն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։