15 օգոստոսի 2022 - 13:23 AMT
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել «Սուրմալուում» պայթյունի կապակցությամբ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Քըլըչը Twitter-ում արված գրառման մեջ մասնավորապես նշել է. «Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Քըլըչի գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչը իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:

Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։