15 օգոստոսի 2022 - 14:02 AMT
Նախարար․ Շներն ադզակ են տվել՝ մարդիկ կան փլատակների տակ, չենք կարող տրակտորով աշխատել

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ասել է՝ քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, չեն կարող տրակտորով աշխատել։

«Քանի որ ենթադրվում է, որ փլատակների տակ կլինեն մարդիկ, մենք չենք կարող տրակտորով աշխատել ու վնասել նրանց։ Նաև շների միջոցով ենք փնտրել, շներն ադզակ են տվել, որ մարդիկ կան փլատակների տակ։ Վերջին 2 դին շների միջոցով ենք հայտնաբերել», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ 2 սյուն կա, որ մնացել են երեկվանից՝ հիմա այդ սյուները վնասազերծելու աշխատանքներ են կատարվում, որովհետև դրանք մեծ վտանգ են ներկայացնում թե փրկարարների, թե այնտեղ գտնվող այլ մարդկանց համար։

«Ամբողջական մարում դեռ չի եղել, ինտենսիվ շարունակում ենք աշխատել։ Ենթադրում ենք, որ այդ սյուների հատվածում ևս քաղաքացիներ կարող են լինել, որովհետև եղել է բանուկ հատված», - նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ ոչ մի վայրկյան աշխատանքները չեն դադարել, նաև կամավորներն են օգնել։

Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։