15 օգոստոսի 2022 - 14:20 AMT
ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանությունները և Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցել են «Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատներին

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեի ուղերձում։

«Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի։ Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշել է նա։

ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել Երևանում պայթյունի կապակցությամբ։

«Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին», - ասվումէ ցավակցական հաղորդագրության մեջ:

Ցավակցություն է հայտնել նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը։

«Երևանում հզոր պայթյունի մասին լուրերը շոկային էին։ Մեր ցավակցություններն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին և մերձավորներին։ Ցանկանում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին և համերաշխություն ենք հայտնում մեր հայ բարեմակներին»,-ասվում է նախարարության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ։

Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։