17 օգոստոսի 2022 - 12:43 AMT
Նախարար․ Նախնական տվյալով «Սուրմալուի» տարածքում մինչև 4 տոննա պայթուցիկ է եղել

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ նախնական մինչև 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել «Սուրմալուի» տարածքում։

Այն հարցին, թե արդյոք նորմա՞լ է, որ այս տարածքում նման քանակությամբ պայթուցիկ նյութ է պահվել, նախարարն ասել է, որ դրա պատասխանը կտան համապատասխան գերատեսչությունները, գրում է «Ազատությունը»։

Նախարարը նշել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ներսի հատվածի 50-60 տոկոսն արդեն մաքրել են և եթե պայթուցիկ նյութեր լինեին, նաև այդ ընթացքում ի հատ կգային՝ շեշտելով՝ պահեստային մասերն ամբողջությամբ մաքրվել են։

«3 օր է՝ շարունակվում է այս վիճակը, երկու օր ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում փոքր ճայթյուններ, իսկ հիմա, այս քամու պարագայում անգամ, որևէ բռնկում տեղի չի ունենում, և կարողանում ենք ենթադրել, որ վտանգավոր նյութեր այլևս չկան», ասել է նա։

Փամբուխչյանը տեղեկացրել է, որ հանդիպել են առևտրի կենտրոնի սեփականատիրոջ հետ, փաստաթղթեր ստացել են և Կադաստրի կոմիտեից, և սեփականատիրոջից, համեմատել են այդ փաստաթղթերն ու դրանց հիման վրա իրականացրել տեղազննումը։

«Տոնավաճառի տնօրենի, սեփականատիրոջ հետ խոսել ենք, հարցեր կային թե պայթուցիկ նյութերի հետ կապված, թե հատակագծի հետ կապված։ Այդ հարցերի պատասխանը ստացել ենք, և նաև այդ հարցերի պատասխանը ստանալու հիմքի վրա է, որ մենք վստահություն ենք հայտնել, որ չկան այլևս պայթուցիկ նյութեր։ Նաև որոշ հատվածներում մենք կարողացել ենք էլ ավելի ուշադրություն դարձնել նկուղային հատվածներին և իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ», - ասել է նախարարը։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։