17 օգոստոսի 2022 - 12:44 AMT
ԱԻՆ․ «Սուրմալուի» պայթյունից տուժած քաղաքացիներից 5-ը դեռ բուժվում է

Օգոստոսի 17-ի 12։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած քաղաքացիներից 5-ն է շարունակում բուժում ստանալ Երևանի տարբեր բուժհաստատություններում, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մյուսները, համապատասխան բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել։

Պայթյունից հետո Երևանի ԲԿ-ներ էր դիմել 62 քաղաքացի։

Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։