18 օգոստոսի 2022 - 13:15 AMT
Նախարար․ Աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առավոտյան ժամը 08:30-ից, որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնում վերսկսվել են՝ հավելելով, որ եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքներն ավելի արագ կիրականացվեին։

Ներկա պահին աշխատանքները տարվում են պայթյունի ենթադրյալ էպիկենտրոնային հատվածում, այնտեղ նաև ենթադրվում է, որ գտնվել է քաղաքացի, գրում է «Հայկական ժամանակը»։

«Եթե որոնվող մարդ չլիներ, աշխատանքներն ավելի արագ կիրականացնեինք: Ձեռքով աշխատել ենք, չենք օգտագործել ծանր տեխնիկա, որպեսզի չվնասենք հավանական ողջ մնացած մարդկանց կամ արդեն իսկ զոհված մարդկանց մարմինները»,- նշել է Փամբուխչյանը:

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։