18 օգոստոսի 2022 - 14:33 AMT
Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել։

Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 206 կգ, գրում է Panorama.am-ը։

16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճել է փոքր ոսկե մեդալ:

Չեմպիոն պատրաստելու համար մեդալով պարգևատրվել է նաև կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքով չեմպիոն են դարձել նաև 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը և 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, ավելի ավագ տարիքային խմբում 49 կգ քաշային Միքայել Չոլակյանը, ինչպես նաև 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։