18 օգոստոսի 2022 - 14:16 AMT
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է. Նա օտարերկրացի է

Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։

Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։

Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։

Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։